Բացել լրահոսը Փակել լրահոսը
0706 ICC 004
A A
Պաշտոնական

Աշխատաժողով՝ ՄՔԴ նյութական եւ դատավարական իրավունքը թեմայով

Հունիսի 7-8-ը Ծաղկաձորում կայացավ «Միջազգային քրեական դատարանի նյութական և դատավարական իրավունքը» թեմայով աշխատաժողով «Աջակցություն ՀՀ կառավարությանը՝ Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։

Բացման խոսքով հանդես եկան «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը և Միջազգային քրեական դատարանի դատավոր Բեթի Հոլերը։

Աշխատաժողովն ընթացավ առանձին քննարկումներով՝ դատավորների, դատախազների, քննիչների, արդարադատության նախարարության և միջազգային իրավական ատյաններում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների համար։

Աշխատաժողովի առաջին օրը դատավորների համար նախատեսված քննարկմանը դասախոսությամբ հանդես եկավ ՄՔԴ դատավոր Բեթի Հոլերը՝ «Գործի վարում ու բարդ քրեական գործեր» և «Միջազգային ու ազգային օրենսդրության փոխազդեցությունը, Միջազգային քրեական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նորմերի փոխազդեցությունը» թեմաներով։ Միջազգային դատարաններում հանդես եկող պաշտպանների ասոցիացիայի նախկին տնօրեն, ներկայում ՄՔԴ-ում Պաշտպանության կողմի հանրային պաշտպանների գրասենյակի պաշտպան Մարի Օ’Լիրիի դասախոսությունը վերաբերում էր «Ապացույցի թույլատրելիությանը ներպետական ու միջազգային դատարաններում» և «Բաց աղբյուրներից հասանելի տեղեկության օգտագործմանն ու ներպետական վարույթներում ապացուցողական այլ խնդիրներին»։

Դատախազների և քննիչների համար նախատեսված քննարկմանը դասախոսությամբ հանդես եկավ դատական ծառայող, Արգենտինայում հատուկ գործերով մեղադրող, Բարիի համալսարանի միջազգային քրեական իրավունքի թեմայով դասախոս Իգնասիո Թրեդիչին՝ «Ինչպես փաստերը որակել միջազգային հանցագործություն», «Ինչպես ներկայացնել քրեական պատասխանատվության ձևերը միջազգային քրեական իրավունքում», «Քննչական գործողությունները միջազգային քրեական արդարադատության մրցակցային և հետաքննական համակարգերում» թեմաներով, իսկ պարոն Թրեդիչին եւ Ֆրիդրիխ-Ալեքսանդեր Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանը՝ «Պետությունների համագործակցությունն ու փոխլրացումը. Հայաստանի և Միջազգային քրեական դատարանի համագործակցությունը» թեմայով։

Աշխատաժողովի երկրորդ օրը դատավոր Բեթի Հոլերը դատավորների համար նախատեսված քննարկմանը հանդես եկավ դասախոսությամբ՝ «Ապացույցների և վկայի արժանահավատության գնահատում» և «Գործի ընդունելիությունը ՄՔԴ-ում (ՀԿ հոդ. 17-19)» թեմաներով, իսկ Մարի Օ’Լիրին՝ «Պաշտպանական կողմի և մեղադրող կողմի

հրավիրած վկաներին պաշտպանի կողմից հարցեր ուղղելը» և «Համագործակցությունը միջազգային քրեական դատարանի հետ» թեմաներով։

Գրեգորի Թաունսենդը, որը 1998 թվականից աշխատել է միջազգային արդարադատության ոլորտում` ութ միջազգային դատարաններում, դատախազների ու քննիչների համար նախատեսված քննարկմանը դասախոսեց հետևյալ թեմաներով՝ «Միջազգային քրեական իրավունքի շրջանակներում գործի կառուցում» «Վերադասի պատասխանատվությունը միջազգային քրեական իրավունքում», «Ապացույցները միջազգային դատարանում. էլեկտրոնային ապացույցը ստանալը, պահպանելը և դրա թույլատրելիությունը», «Վկաների հետ աշխատանքի կազմակերպումը և վկաների պաշտպանությունը միջազգային հարթությունում»։

«Աջակցություն ՀՀ կառավարությանը՝ Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացներում» ծրագիրը՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ, իրականացնում է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ։

ԻԵՄ-ը խորապես երախտապարտ է Նյուրնբերգի համալսարանի դասախոս, միջազգային քրեական իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյանին այս աշխատաժողովին ցուցաբերած աջակցության համար: