
Ընթանում է Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը
Աջակցիր «Ա1+»-ինԱյս օրերին Երևանում անցկացվում է Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը։ Ստուգատեսն այս տարի անցկացվում է «դիրիժորություն» մասնագիտական կարգում, և 12 երկրի 18 մասնակիցներ, ղեկավարելով մրցույթի պաշտոնական նվագախումբը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ներկայանում են հեղինակավոր ժյուրիին։ Մրցույթի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։
Մրցույթի մասնակիցներից է Յոհաննես Լյուները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Նա 34 տարեկան է։ Կրթությունը ստացել է Նյուրնբերգի երաժշտության բարձրագույն դպրոցում, Չեմպենի համալսարանում, Ռիկարդո Մուտիի անվան իտալական օպերային ակադեմիայում։ Մասնակցել է Ռիխարդ Վագների անվան երաժշտական փառատոնին և Դաշնամուր/Դիրորժորություն անվանակարգում ստացել է 1-ին մրցանակ, Լանյի դիրիժորության մրցույթին և դարձել է ֆինալիստ։ Մասնակցել է Նիկիշի անվան դիրիժորության մրցույթին՝ դառնալով կիսաեզրափակչի հաղթող։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթի ռազմավարական հովանավորն է Freedom Broker Armenia-ն։ Մրցույթն անդամակցում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC) և անցկացվում է ֆեդերացիայի սահմանած կանոնների համաձայն։
Նշենք, որ մրցութային ծրագրում ներառված են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Մրցույթի շնորհիվ Խաչատրյանի ստեղծագործությունները ներառվում են բազմաթիվ երաժիշտների երկացանկում։
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ