Բացել լրահոսը Փակել լրահոսը
հակակոռուպցիոն կոմիտե
A A
Պաշտոնական

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պարզաբանել է ՀՀ փաստաբանների պալատի հայտարարությունը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ՀՀ փաստաբանների պալատի հայտարարության կապակցությամբ պարզաբանում է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մայիսի 27-ին խուզարկություն է կատարվել քաղաքաշինության ոլորտում թվային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «Նեֆրիտ Մայնինգ» ՍՊ ընկերության գրասենյակում, որտեղ հայտնաբերվել են վարույթի համար ապացուցողական նշանակություն ունեցող իրեր և փաստաթղթեր։ 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, խուզարկության ընթացքում պարզվել է, որ նույն ընդհանուր աշխատասենյակում է գտնվել նաև ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանի աշխատանքային սեղանը, որի մասին տեղեկանալով՝ վարույթն իրականացնող քննիչն այդ հատվածը  չի խուզարկել, այդ հատվածից համակարգիչներ կամ այլ իրեր չի վերցրել (քննչական գործողությունն ամբողջությամբ տեսաձայնագրվել է)։

«Միևնույն ժամանակ, տեղեկացվում է, որ եթե պարզվի, որ «Նեֆրիտ Մայնինգ» ՍՊ ընկերության զբաղեցրած հատվածից վերցված համակարգիչներից որևէ մեկը պատկանում է վարույթի հետ առնչություն չունեցող անձի, ապա այն կվերադարձվի վերջինիս՝ խստորեն պահպանելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ փաստաբանական գաղտնիքի անձեռնմխելիության և դրա պաշտպանության երաշխիքները։ 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց»,- ասվում է պարզաբանման մեջ։