
Պահուստային ֆոնդից շուրջ 83 մլն դրամ կհատկացվի Սահմանադրության 30-ամյակին նվիրված միջոցառման ու «YAN-IAN» փառատոնի անցկացման համար
Աջակցիր «Ա1+»-ինԳումար կհատկացվի ՀՀ Սահմանադրության ընդունման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը և «YAN-IAN» միջազգային մշակութային փառատոնը անցկացնելու համար
Հուլիսի 5-ին լրանում է ՀՀ Սահմանադրության ընդունման 30 տարին, որի կապակցությամբ նախատեսվում է կազմակերպել հանդիսավոր միջոցառում: Կառավարության որոշմամբ առաջարկվում է՝ միջոցառման կազմակերպման և անցկացման նպատակով, պահուստային ֆոնդից «Սահմանադրական դատարանի գործունեության և սահմանադրական արդարադատության ապահովում» միջոցառմանը հատկացնել 37,830.0 հազար դրամ:
Ըստ հիմնավորման՝ Սահմանադրության ընդունման 30-ամյակին նվիրված և Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության ապահովման լիազորություններ ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձանց, գիտնականների, ուսուցիչների, հասարակական կազմակերպությունների ու օտարերկրյա դիվանագետների մասնակցությամբ միջոցառման կազմակերպումը նպատակահարմար կլինի Սահմանադրությամբ ամրագրված արժեքների վերաիմաստավորման, երեք տասնամյակ Սահմանադրության կիրառման փորձն ամփոփելու և եզրահանգումներ անելու տեսանկյունից:
Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի «YAN-IAN» միջազգային մշակութային փառատոնի պատշաճ և ամբողջական իրագործմանը: Փառատոնի շրջանակներում նախատեսվում են մի շարք բազմաբովանդակ և հետաքրքիր միջոցառումներ՝ երաժշտական փառատոն, գաստրոֆեստ, տուրիզմ էքսպո, ցուցահանդեսներ, ժամանցային ծրագրեր, պանելային քննարկումներ, «Առողջ ապրելակերպ» միջոցառումներ, որոնք իրականացվելու են 2025 թ. հուլիսի 29-ից օգոստոսի 5-ը: Փառատոնը բաց կլինի հանրության լայն շրջանակների համար և կմեկնարկի հանդիսավոր բացման արարողությամբ։